Եթե հավատանք բոլոր հարցումներին, ապա Հայաստանում միաժամանակ հաղթում են գրեթե բոլորը։ Էս տեմպերով ամենամեծ վարկանիշային կորուստը կարող է կրել ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ՝ «սոցիոլոգիական հարցում» հասկացությունը։
Սոցիոլոգիական հարցումները արդեն դադարում են լինել հասարակական տրամադրությունների չափման գործիք և վերածվել են քաղաքական PR-ի, ոչ թե թիրախային աշխատանքի վերհանման գործիքի և դարձել են բազմակի օգտագործման աքսեսուարներ։
Մի հարցում հրապարակվում է՝ ապացուցելու համար, որ իշխանությունը «կայուն առաջատար» է։Մյուսը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը «պատմական անկում» է ապրում։ Երրորդը՝ ապացուցելու համար, որ նոր ուժը սրընթաց աճում է:
Կրկին, եթե հավատանք բոլոր հարցումներին, ապա Հայաստանում միաժամանակ հաղթում են գրեթե բոլորը։ Սա PR-ի դասական պարադոքսն է՝ երբ գործիքը չափազանց շատ ես օգտագործում, այն սկսում է աշխատել հակառակ ուղղությամբ և վնասել: Հետո սկսում ես ստիպված պայքարել վնասի չեզոքացման ուղղությամբ։
Այսօր արդեն սոցիոլոգիական հարցումների հրապարակումները հաճախ ավելի շատ դեզօրիենտացնում են ընտրողին, քան՝ օգնում որևէ ուժի։ Ընտրողը ոչ թե համոզվում է, այլ սկսում է կասկածել բոլոր հարցում հրապարակողներին, պատվիրատուներին և մեկնաբանողներին։
Արդյունքում ստացվում է մի քաղաքական իրավիճակ, երբ բոլորը փորձում են մրցակցել ոչ թե քաղաքական առաջարկներով, այլ իրենց սոցհարցումների տվյալներով, որոնց ճշտության մեջ համոզված են, բայց այդ ընթացքում կորում է հենց հարցումների նկատմամբ վստահությունը, հետևաբար, նաև դրա PR էֆեկտը:
P.S. Խնդրում եմ PR արեք հողի վրա ձեր արած գործն ու քաղաքական առաջարկը, ոչ թե ձեր գործի ու առաջարկի ընկալումներն ու վստահելիությունը: Դա նույնն է, որ անդադար խոսես գործից՝ գործն անելու փոխարեն:
Վլադիմիր Մարտիրոսյան